ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ արդեն հասել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաք։ Նրանք քաղաքապետարանի այգու մոտ են։
Այն քաղաքացիները, որոնք մեքենաներով էին միացել երթին, ազդանշաններով մտան Աբովյան, նրանց էլ այնտեղ դիմավորեցին ծափերով, Արցախի և Հայաստանի դրոշներով։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները, արցախցիներ և մի շարք այլ քաղաքացիներ նրանց միացել են Երևան–Սևան միջպետական ճանապարհից` Արզնի քաղաքի սկզբնամասից։
«Մեր այս մաբողջ շարժումը` Տավուշի սահմանապահ շրջանից սկսած, մեկ նպատակ ունի` հասնելու ճշմարտության հաղթանակի։ Սուտը պետք է մշակույթ չդառնա մեր երկրում, տներում ու դպրոցներում, ճշմարտությունը պետք է լինի մեր առաջնորդը։ Այս երթը նաև ինքնամարքրվելու երթ է` թշնամությունից, ատելությունից ու բոլոր տեսակի թունավորումներից, որոնց մեջ մենք ապրում ենք։ Մեր նպատակները չեն կարող մեզ կքել և ստորացնել։ Մեր ազգին ասում էին թույլ, տկար, անօգնական, բայց դուք այսօր հակառակն եք փաստում, ասելով` մենք ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ անօգնական ենք, ո՛չ անհույս ենք, ո՛չ էլ անլույս։ Եռագույնն արդեն հաղթեց սև ու սպիտակին»,– նշեց Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով` այս երթի նպատակն այն է, որ լայն իմաստով հաշտություն լինի հայ ժողովրդի բոլոր շերտերում, քանի որ այսօր նույնիսկ ընտանիքներում հաշտություն չկա ու հենց երկրին վերաբերող հարցերի պատճառով։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների քայլերթի 5-րդ օրն էլ ավարտվեց Աբովյան քաղաքում։
Բագրատ սրբազանի գլխավորությամբ քայլերթ անող քաղաքացիները մայիսի 9-ին կլինեն Երևանում։ Նրանք Աբովյանից կշարժվեն ժամը 11–ին և մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ժամը 16։00-ին հանրահավաք կիրականացնեն։