ԵԱՏՄ–ն 10 տարվա ընթացքում կարևոր հարթակ է դարձել անդամ երկրների համար. Փաշինյան

ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նշեց, որ ԵԱՏՄ–ի կարգավորվող շրջանակը ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունն իր գոյության 10 տարվա ընթացքում անդամ երկրների տնտեսությունների համար դարձել է սերտ և տնտեսական փոխգործակցության նշանակալի հարթակ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի կարգավորող շրջանակը շարունակում է ձևավորվել, և այս գործընթացը դեռ հեռու է ավարտից: Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի հիման վրա կհաջողվի պահպանել ԵԱՏՄ արդյունավետությունը»,– նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` ջանքերը պետք է կենտրոնացնել ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու վրա։ ՀՀ վարչապետի պնդմամբ` համագործակցությունը պետք է նպաստի միության երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015 թվականի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
Հայաստանն ամենից շատն է օգուտներ ստանում ԵԱՏՄ – ից. Սերգեյ Լավրով