ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է կանչվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Տեղեկությունը հաստատում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Նշվում էր, որ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։
«Իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը»,- գրել էր լրատվամիջոցը։
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկությունը փորձեց ճշտել Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հարկ լինելու դեպքում Արշակ սրբազանը կարձագանքի»,– պատասխանեցին մեզ։
Հիշեցնենք` մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանում քաղաքական շարժում է առաջնորդում։ Նա ընդգծեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակը նախորդ իշխանություններին, մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելն է։ Նա նաև ակնարկեց, որ շարժումը ղեկավարվում է դրսի ուժերի կողմից։