ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նա լսել և քննարկել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:
Դեսպանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի` սահմանների դելիմիտացիայի համար հիմք է ընդունվում Ալմա Աթայի հռչակագիրը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։