ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Տեղեկություններ են ստացվում, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ նշելով, որ այս մասին ահազանգեր են ստացվել։
Տեսչական մարմինը հիշեցնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան կարգավորումներ։ Օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է, իսկ խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում։
«Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ, քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հրապարակվել են նաև համապատասխան էլեկտրոնային հասցեն՝ info@hlib.am-ը, թեժ գժի հեռախոսահամարը՝ 81-07։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։