Սահմանազատման դադարեցում պահանջողներն ուզում են, որ ՀՀ նոր տարածքներ օկուպացվեն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը վստահեցրեց` սահմանազատման գործընթացը կասեցնելու դեպքում պատերազմ կսկսվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Այն ուժերը, որոնք պահանջում են դադարեցնել սահմանազատումը, արտաքին ուժերի օգնությամբ ամեն ինչ կանեն, որ Հայաստանից նոր տարածքներ օկուպացվեն։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` այդ ուժերն այս գործընթացն ուզում են օգտագործել քաղաքական փոփոխություններ անելու համար։
«Հարգելի լրագրողներ, հոգևորականներ, Վեհափառ հայր, որ ասում եք` դադարեցնենք, դե եկեք վաղը առավոտից կասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո... Դրանից հետո սկսվելու է պատերազմ»,– ասաց վարչապետը։
Ըստ Փաշինյանի` ընդդիմադիրները, կասկածի տակ դնելով նաև արդար ու թափանցիկ ընտրությունները, կասկածի տակ են դնում ՀՀ ինքնիշխանությունը, նրանք պարզապես ուզում են իշխանափոխություն անել առանց ընտրությունների։
«Որովհետև միայն այդ սցենարն է, որ դա դարձնում է հավանական։ Նույն սցենարը գործում էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։