ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշել նման որոշման մի քանի պատճառ:
Այս մասին Թաթոյանն ասել է լրագրողների հետ զրույցում։
Նա առաջին հերթին կարծում է, որ Տավուշի մարզում սկսված սահմանազատման գործընթացն անօրինական է և չի համապատասխանում միջազգային համակարգի պահանջներին։ Բացի այդ, այն իրականացվում է քաղաքացիների իրավունքների, անվտանգության համակարգի խախտմամբ և հակասում է հայ ժողովրդի շահերին։
Նա պնդում է, որ գործընթացը համաձայնեցնող հանձնաժողովները դրա իրավական իրավունքը չունեն։
«Հայ Առաքելական եկեղեցու դեմ վտանգավոր գործընթաց է սկսվել։ Մենք տեսանք, թե ինչպես են խորհրդարանում իշխող թիմի ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները բացահայտ ոտնձգություններ կատարում եկեղեցու և մասնավորապես Բագրատ արքեպիսկոպոսի նկատմամբ»,-հավելել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները վնասում են Հայոց Եկեղեցու հիմքերին, որը պետականության խորհրդանիշներից մեկն է: