ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Լոռու մարզում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
«Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում»,- հայտնում են գերատեսչությունից:
Սև արագիլը (Ciconia nigra) համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ կարմիր գրքում: Բնադրող-չվող թռչուն է՝ չափազանց զգուշավոր, և հիմնականում ապրում է խուլ անտառներում։
Նշվում է, որ Հայաստանի համար հազվագյուտ համարվող տեսակը հայտնաբերվել է միջազգային գիտարշավի շրջանակներում։
Այն կազմակերպել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը՝ Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում։
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ: