Իսրայելը վերահսկողություն է հաստատել Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածի վրա. ԶԼՄ

Ռաֆահ անցակետ. Արխիվային լուսանկար
Իսրայելական բանակը ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի առնվազն 20 գրոհայինների և մի շարք ստորգետնյա թունելներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Haaretz հրատարակությանը, որն իր հերթին մեջբերում է իսրայելական բանակի հաղորդագրությունը։
Մայիսի 6–ին հրեական պետական բանակը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանում, և մոտ 1,5 միլիոն պաղեստինցիներ ստիպված են փախչել հյուսիսային և կենտրոնական հատվածներից։
«Օպերատիվ հսկողություն է ձեռք բերվել Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածի վրա», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իսրայելական բանակը ոչնչացրել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առնվազն 20 գրոհայինների և ոչնչացրել ստորգետնյա մի շարք թունելներ, որոնք օգտագործում էին ՀԱՄԱՍ–ի զինյալները։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։