Փորձում են օտարերկրյա բաղադրիչ ավելացնել. պատգամավորը` ՀՀ իշխանության քայլերի մասին

Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ոչ մի երրորդ երկիր Հայաստանից ավելի հայ չի կարող լինել, և ոչ մի երկիր չի կարող ՀՀ շահերը պաշտպանել, եթե դա չի անում իշխանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ իշխանությունը փորձում է ժողովրդի ամեն դժգոհության մեջ օտարերկրյա բաղադրիչ ավելացնել ցույց տալու համար, որ Հայաստանում ամեն ինչ լավ է։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանություններն ուզում են ասել, որ ամեն դժգոհությունը դրսից է հրահրվում, ինչն իրականության հետ բացարձակապես որևէ աղերս չունի։
«Արցախի շրջափակման պայմաններում ՌԴ խաղաղապահների պասիվությունը, սեպտեմբերի 23–ի պասիվությունը, Արցախի Հանրապետությունից դուրս գալն իհարկե դժգոհություն է առաջացրել ՀՀ–ում ՌԴ խաղաղապահների գործունեության նկատմամբ։ Այս իշխանություններն ուզում են օգտագործել այդ օբյեկտիվ դժգոհությունները և ներքին պրոբլեմների հարցը տեղափոխել արտաքին կողմնորոշման, արտաքին վեկտորի ճակատ»,– ասաց նա։
Խաչատրյանի խոսքով` ՀՀ իշխանությունների նպատակը ոչ թե արժանապատիվ պետության մեջ ապրելու ցանկությունն է, իրական սահմանազատման գնալը, օրինակ` ԵԱՀԿ–ի ուղեցույցի համաձայն, այլ փորձում են այդ հարցերը «սվաղել» ու հարցը տանել ռուսական կողմնորոշման կամ արևմտյան կողմնորոշման ճանապարհով։
Նա ընդգծեց, որ ոչ մի երրորդ երկիր Հայաստանից ավելի հայ չի կարող լինել, և ոչ մի երկիր չի կարող ՀՀ շահերը պաշտպանել, եթե դա չի անում ՀՀ իշխանությունը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։