ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը կաջակցի ԼՂ–ից բռնի տեղահանված այն անձանց, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ աջակցությունը կլինի որոշակի սահմանափակումներով, որպեսզի սոցիալական ճիշտ բալանսավորումը չկորչի։
«Մենք նույն տրամաբանությամբ ու որոշակի սկզբունքներով աջակցություն կցուցաբերենք նրանց»,– ասաց նա։
Վարչապետի խոսքով` առանձին կդիտարկվեն տարեցները, որոնք որևէ հիփոթեքային ծրագրից օգտվելու հնարավորություն չեն ունենա։
«Այդ մարդիկ կարողանան ունենալ սոցիալական բնակարան»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է գումարային աջակցությանը, ապա վարչապետը նշեց, որ բազային գումարը կլինի 1 անձի համար 3 մլն դրամ, բայց այն գործակիցներով կհասնի 5 մլն դրամի։
Առաջնահերթությունը կտրվի զոհված զինծառայողների ու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։