ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է միջնորդների առաջարկած հրադադարի պայմաններին՝ իրեն տրված երաշխիքների դիմաց: Այս մասին Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարներից Բասամ Խալաֆը։
Մայիսի 6–ին ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Եգիպտոսի և Կատարի միջնորդների կողմից առաջարկված հրադադարի պայմաններին (երեք փուլ, յուրաքանչյուրը՝ 42 օր) համաձայնություն տալու մասին, որը նախատեսում է իսրայելցի պատանդների ազատ արձակում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցում, և սպասում է Իսրայելի պատասխանին:
«Բանակցությունները փակուղի մտան Գազայից Իսրայելի զորքերի դուրսբերման և հրադադարի քննարկման փուլում, սակայն տրված երաշխիքները ստիպեցին մեզ համաձայնել այդ առաջարկին»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ բարձրաստիճան իսրայելցի ռազմագերիների փոխանակման հետաձգումը ուժեղ խաղաքարտ է դարձել ՀԱՄԱՍ-ի ձեռքում այս պատերազմի ժամանակ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։