ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ակնհայտ է, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ ինչու կաթողիկոսը պետք է առաջնորդի քաղաքական շարժում։ Ընդ որում, այժմ պարզ է այդ շարժման նպատակադրումը, որովհետև ըստ էության` շարժման խոսնակն արդեն դրա մասին հայտարարել է»,–ասաց նա։
Ըստ Փաշինյանի` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում իշխանության բերելն է։
«Ըստ ամենայնի, այս սցենարը ներկայացրել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը` եկեղեցու միջոցով Հայաստանում իրականացնել իշխանափոխություն»,–ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։