Երևանում Մոսկվայի տունը բացեց դռները. Մելիքյանը` կենտրոնի նոր ձևաչափի ու ծրագրերի մասին

Հայկ Մելիքյան
Հաղթանակի օրվա տոնակատարությանը շուրջ 10 վետերան կմասնակցի, որոնցից ոմանք 100 տարեկան են, ոմանք` 100-ն անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Երևանում Մոսկվայի տան դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են համագործակցել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց մշակութային–գործարար կենտրոնի կառավարիչ Հայկ Մելիքյանը, որը վերջերս է ստանձնել պաշտոնը։
«Երբ ես ստանձնեցի պաշտոնս, Երևանում Մոսկվայի տունը ներկայացավ նոր ձևաչափով և իր դռները բացեց բոլոր ցանկացողների առաջ։ Իհարկե, փոխաբերական իմաստով: Իրականում դրանք միշտ էլ բաց են եղել։ Իսկ հիմա մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ցանկացողների հետ», - ընդգծեց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի տունը բավական մեծ ռեսուրսներ ունի՝ և՛ կինոդահլիճ, և՛ ցուցահանդեսային տաղավար, և՛ կոնֆերանսների դահլիճ։ Կա նաև ընդարձակ գրադարան, որտեղ արդեն ավելի քան 15,000 ռուսերեն գեղարվեստական գրականության նմուշ կա: Կենտրոնում գործում է գրքի ակումբ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է մուտք գործել, դրա համար նույնիսկ պետք չէ գրանցվել գրադարանում:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ կենտրոնի կառավարիչը նշեց, որ մայիսի 9-ին նախատեսվում է ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ, ինչպես նաև այցելել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիր (գտնվում է Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ)): Այդ օրվա միջոցառումներին կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի շուրջ 10 վետերաններ: Ոմանք 100 տարեկան են, ոմանք՝ 100-ն անց, բայց սիրով ընդունել են հրավերը, քանի որ նման միջոցառումները, իրենց իսկ խոստովանությամբ, «երկարացնում են իրենց կյանքը»։
Մայիսի 10-ին Մոսկվայի տանը տեղի կունենա տոնական համերգ: Կբացվի նաև Սևաստոպոլի ազատագրման 80-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ինչ վերաբերում է հետագա միջոցառումներին, ապա Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մասնագետները մայիսին Երևանում «Թատերական արվեստի լաբորատորիա» վարպետության դասեր կանցկացնեն: Ընդ որում` սպասվում է, որ ունկնդիրներ կլինեն Ռուսաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, եվրոպական երկրներից։ Ամռանը ռուսաց լեզվի մասնագետները կկարողանան վերապատրաստվել Մոսկվայի տանը, իսկ տարեվերջին կկազմակերպվեն ավելի քան 30 ամանորյա ներկայացումներ երեխաների համար:
ԱՊՀ ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Մինսկի Հաղթանակի զբոսայգու բարեկամության ծառուղում