ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման։ Գերագույն հոգևոր խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ ըստ էության պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում ասել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում։
Մայր աթոռը վերահաստատել է ավելի վաղ արտահայտած դիրքորոշումը՝ Տավուշի մարզից տարածքներն Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ։ Եկեղեցին խիստ վտանգավոր է համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները։ Շեշտվում է, որ ստեղծված իրավիճակն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:
«Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին»,- նշված է հայտարարության մեջ:
Միաժամանակ եկեղեցին կոչ է անում ցուցաբերել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Մայր աթոռը կրկին դիմում է իշխանություններին` կոչ անելով անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները։
«Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում»,- ընդգծված է հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը շեշտում է՝ ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը չպետք է տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։