ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Էական ոչինչ պետք չէ ակնկալել Ալմաթիի հանդիպումից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Հայտնել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունները տեղի կունենան մայիսի 10-ին Ալմաթիում:
«Մանավանդ, երբ այս իշխանության ներկայացուցիչներն են բանակցում, այս տարիների փորձառությունը ցույց է տվել, որ նրանցից հայամետ քայլեր պետք չէ սպասել։ Այս հանդիպումը կդիտարկեմ որպես Ադրբեջանի կողմից ցուցադրական քայլ, թե իբր բանակցային գործընթացը պահպանում են, իսկ իրականում հետամուտ են լինելու լրացուցիչ ճնշումների ու պահանջների ներքո ՀՀ–ից հերթական կտորներ պոկելուն»,– ընդգծեց նա։
Ըստ Աղաջանյանի` սա հերթական մի հանդիպում է, որից ակնկալիք ունի կոնկրետ Ադրբեջանը. նրա նպատակն է արևմտյան կողմից, հատկապես ԱՄՆ–ից իր նկատմամբ հարվածների որոշակի թուլացում ու հետաձգում։
«Ամերիկյան կողմը ճնշման լծակներ է օգտագործում, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին ստիպի մնալ բանակցային գործընթացի արևմտյան հարթակում։ Ամերիկյան կողմից այս ժամանակահատվածում նմանատիպ լրացուցիչ քայլեր ավելի ու ավելի շատ կտեսնենք»,– նկատեց արտակարգ և լիազոր դեսպանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը սովորաբար մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ սկզբունքով է շարժվում, ու եթե այս հանդիպումը դիտարկենք որպես մեկ քայլ առաջ, ապա դրան հաջորդելու է արդեն երկու քայլ հետը, երբ Ադրբեջանը կսկսի ավելացնել իր պահանջները, որոնք ՀՀ–ի համար գոյաբանական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ կպարունակեն։
Աղաջանյանը համոզված է, որ Ադրբեջանին բացարձակ ձեռնտու չէ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ դրանից հետո նա Արևմուտքի պահանջով հանձնառություն կունենա հակաիրանական գործողություններ իրականացնելու։
«Եթե այդ հանգամանքը չլիներ, Ադրբեջանն անմիջապես կստորագրեր այդ պայմանագիրը, քանի որ հայկական կողմից պատմության մեջ առաջին անգամ ունենալու է իրավական մի փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում»,– նշեց նա։
Արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով` ադրբեջանական կողմն այս ընթացքում առաջ է բերելու բոլոր հնարավոր ու անհնարին նախապայմանները` փորձելով ժամանակ շահել և հայկական կողմից պոկել հնարավորն ու անհնարինը` դրանով իսկ հետաձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև այն ժամանակ, երբ միջազգային իրադարձությունները կհստականան, ջրերը կպարզեն, և ինքն ուղղակի կձերբազատվի Իրանի նկատմամբ ունեցած հանձնառություններից։
Բացի այդ, ըստ Ձյունիկ Աղաջանյանի, Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ բանակցային գործընթացի տապալման մեղքն իր վրա չբարդվի։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։
Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին պատասխանել էր ապրիլի սկզբին։ Ապրիլի 26–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները՝ տեքստի 9-րդ խմբագրությունը։