Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցել Մոսկվայում կայացող շքերթին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին ամեն տարի մասնակցելը պարտադիր չէ։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ։ Ես չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ , ես չեմ էլ հիշում ՀՀ –ի պրակտիկայում որևէ ղեկավար, որ ամեն տարի մասնակցի մայիսի 9-ի միջոցառմանը։ Չե՞ք կարծում, որ տարօրինակ կլինի, որ ՀՀ ղեկավարը ամեն տարի մասնակցի մայիսի 9-ի շքերթին»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը Մոսկվա կմեկնի վաղը և կնախագահի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։
«Ես վաղը դե յուրե այնտեղ պետք է լինեմ, դա իմ աշխատանքի մասն է»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի երկկողմ հանդիպումը: