Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Պետք է գտնել ուժ և իմաստություն, որ Հայաստանն էլ չունենա Արցախի դառը փորձառությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Համապատասխան հայտարարությունը տարածվել է թեմի ֆեյսբուքյան էջում։
«Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Շեշտվում է, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը հայրենիքն է։ Պետք է գտնել իմաստություն և ուժ՝ հետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որ Հայաստանն էլ չարժանանա Արցախի դառը փորձառությանը:
Ուստի Արցախի թեմի կոչն է` միանալ խաղաղության և համերաշխության երթին:
Թեմից հիշեցնում են, որ հզոր Հայաստան ունենալու ցանկությամբ հարյուրավոր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։