Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր նախանշված երդմնակալության արարողությանը։
Փոխարենը` Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ որպես Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկիր, Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ-ի ստեղծման 10-ամյակի հոբելյանական գագաթնաժողովին, որը նախատեսվում է մայիսի 8-ին։
Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հստակեցրել էր, որ Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցելու` Փաշինյանի որոշումը բխում է բազմաթիվ հանգամանքներից:
Ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի երդմնակալությանը չմասնակցելու` Փաշինյանի որոշման մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից Հայաստանը ոչինչ չի շահում։
«Այս իրավիճակում ստանում ենք անվտանգության վակուում, որը կարող է հանգեցնել մեր պետականության կոլապսի»,-տարակուսում է Սուրենյանցը։