ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը չի կարողանա ներկա գտնվել շքերթին։ Այս անգամ կբացակայի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նա 10 օր առաջ էր ժամանել Մոսկվա, նրա և ՌԴ նախագահի միջև հինգժամյա սերտ շփումներ են եղել։ Նրա չգալը կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանում միաժամանակ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվում», - լրագրողներին ասել է Ուշակովը։
ՀՀ վարչապետը Մոսկվա կմեկնի մայիսի 8-ին և կնախագահի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում Պուտինի հետ։
Ուշակովի խոսքով` շքերթից հետո ՌԴ նախագահը կմասնակցի Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու արարողությանը։ Այնուհետեւ Կրեմլում ընդունելություն կկազմակերպվի շքերթին ներկա պատվիրակությունների ղեկավարների համար։
Հաղթանակի շքերթը տեղի կունենա մայիսի 9-ին Կարմիր հրապարակում։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար մարդ, ավելի քան 70 միավոր տեխնիկա, ինչպես նաև «Ռուսկիե վիտյազի» և «Ստրիժի» ավիախմբերը: