Կիրանցում ականի վրա սակրավոր է պայթել

Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 30 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց լուրը։
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով` նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– նշեց Թորոսյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Կիրանցի բնակիչներից մեկը հայտնեց, որ նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում ապրիլի 21-ից իրականացնում է ականազերծում` պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ապրիլի 25-ին Կիրանց գյուղում ականի պայթյունից զինծառայող էր վիրավորվել։ Վերջինիս կյանքին նույնպես վտանգ չէր սպառնում։