Իսրայելը պաղեստինցիներին կոչ է անում տարհանվել Ռաֆահի արևելքից. ԶԼՄ-ներ

Չնայած օտարերկրյա առաջնորդների կոչերին` Իսրայելը պատրաստվում է Ռաֆահում ցամաքային գործողության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Իսրայելցի զինվորականները սկսել են պաղեստինցիներին կոչ անել առաջիկա հարձակումից առաջ տարհանվել Գազայի հատվածի Ռաֆահի արևելյան շրջաններից, հայտնում է Times of Israel պարբերականը:
«Նախքան Գազայի հատվածի հարավում ծրագրվող հարձակումը, Իսրայելցի զինվորականները սկսել են պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահի արևելյան թաղամասերից, որոնք գտնվում են Իսրայելի սահմանի մոտ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խաղաղ բնակիչներին կոչ են անում տեղափոխվել ընդլայնված հումանիտար գոտի Ալ Մարվազի և Խան Յունիս շրջաններում:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։