ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Իրանը ուրախ կլինի, եթե Իրաքը վերականգնի իր միջուկային ծրագիրը, և պատրաստ է իր միջուկային տեխնոլոգիաները փոխանցել այդ եղբայրական երկրին: Իրանի Սպահան քաղաքում ընթացող միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների առաջին միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավարի տեղակալ Սեյեդ Փեժման Շիրմարդին։
Մարտի վերջին բրիտանական Amway․media պարբերականը, հղում անելով Իրաքի վարչապետ Մուհամմեդ աս Սուդանին, հայտնել էր, որ Իրաքի կառավարությունը մտադիր է վերսկսել վաղուց մի կողմ դրված միջուկային էներգետիկ ծրագիրը։
«Բնականաբար, Իրաքը միջուկային տեխնոլոգիաները և դրանց օգտագործումը կդիտարկի որպես իր խնդիրների լուծում։ Իհարկե, մենք ուրախ կլինենք և պատրաստ կլինենք Իրաքին տրամադրել միջուկային տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում ձեռք բերած մեր գիտելիքները»,-ասել է Շիրմարդին։
ԻԱԷԿ-ի փոխղեկավարը նշել է, որ Իրանի կարծիքով՝ բարեկամ երկրները պետք է գիտելիքներ ունենան միջուկային ոլորտում, և ընդգծել է, որ իսլամական երկրները կարող են միմյանց փոխանցել իրենց գիտելիքները։
Ատոմային էներգիայի տասներեքերորդ ազգային համաժողովը և միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիայի առաջին միջազգային համաժողովը մեկնարկել են այսօր։ Համաժողովի գլխավոր մասնակիցներն են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին: