2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում հարկային միտումները մի քանի նկատելի փոփոխություններ են արձանագրել, որոնք արտացոլված են 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Ինչպես նախկինում նշել էինք, «Mobile Center» բջջային տեխնիկայի խանութների ցանցն առաջին անգամ գլխավորել է խոշոր հարկատուների ցուցակը:
Սա չի նշանակում, որ Հայաստանում սկսել են ավելի շատ հեռախոսներ գնել. ուղղակի սկսել են ավելի շատ վերավաճառել։ Այսպես, ըստ վիճակագրական տվյալների, 2022–ին Հայաստան է ներմուծվել $381 մլն–ի բջջային հեռախոս, իսկ վաճառվել` 272 մլն–ի (վերավաճառքի պատճառներն ու ուղղություններն ակնհայտ են)։ 2023–ին շեշտակի աճել է թե՛ ներմուծումը, թե՛ հետագա վերարտահանումը` համապատասխանաբար կազմելով $715 և 535 մլն։ Այսպիսով` բջջային հեռախոսների միջնորդական առևտուրը Հայաստանին ավելի ու ավելի շատ եկամուտներ է բերում։
Խոսենք այլ միտումներից։
Փաստորեն կարող էին․․․
Հայաստանում առցանց խաղատների և մոլախաղերի բիզնեսը, առանց չափազանցության, համաճարակի է վերաճել։ Երբ անցյալ տարի այդ ընկերությունների համար նոր տուրքեր սահմանվեցին, այս տարվա առաջին եռամսյակում նրանք գրեթե կրկնակի ավել հարկ են վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 9,2 մլրդ դրամ (23,7 մլն դոլար)։
Կասեք՝ ուրեմն առա՞ջ էլ կարող էին այդքան վճարել։ Առարկելու բան չենք ունենա։ Միայն ավելացնենք, որ կառավարության նպատակը ոչ թե այդ ոլորտից հնարավորինս շատ հարկ հավաքելն է, այլ երկրում խաղամոլությունը սահմանափակելը։
Հետաքրքիր է, որ ավելի շատ հարկեր են սկսել վճարել ոչ միայն խաղային կայքերը, այլև այն ընկերությունները, որոնք ալգորիթմներ են գրում այդ կայքերի համար. դրանց թվում թե՛ հայկական խոշոր ընկերություններն են, թե՛ շվեդական «Evolution»-ը, որը 2022 թվականի հոկտեմբերին Երևանում գրասենյակ է բացել։
Ռուսաստանցի «այթիշնիկները»
Թեև փորձագիտական (հաճախ նաև քաղաքական) դաշտում հայտարարություններ են հնչում, որ ռուսական ՏՏ ընկերությունները լքում են Հայաստանը, հարկային ծառայության տվյալներն ամեն դեպքում դա չեն հաստատում։
2023թ. առաջին եռամսյակի համեմատ նման ընկերությունների թիվը 16-ից հասել է 19-ի, իսկ նրանց վճարած հարկերը 7,8-ից հասել են 8,0 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ 20,6 մլն դոլար)։ Այստեղ մենք հաշվի ենք առել ոչ միայն ռուսական ընկերությունները (օրինակ՝ «Yandex»-ի կամ «Տինկոֆի» ստորաբաժանումները), այլև արտասահմանյան ՏՏ ընկերությունների մասնաճյուղերը, որոնք Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան։ Երկրորդ տիպի ընկերությունները, ի դեպ, ավելի շատ են՝ «Nvidia», «Adobe», «Bostongen Technologies» և այլն:
Իհարկե, չի բացառվում, որ այդ ընկերությունների աշխատակիցների մի մասը տեղափոխվել են այլ երկրներ։ Կան նաև դեպքեր, երբ ընկերության մենեջմենտը տեղափոխվում է այլ երկիր, օրինակ՝ Կիպրոս, իսկ ծրագրավորողների թիմը մնում է Հայաստանում։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ ընկերությունները շարունակում են Հայաստանում ոչ թե ավելի քիչ, այլ նույնիսկ ավելի շատ հարկեր վճարել։
Ավտոդիլերների գործը դժվարացել է
Ցուցակում զգալիորեն պակասել են ավտոդիլերները։ Հայաստանում մեքենաները հիմնականում գնում են երկրորդային շուկայից, ոչ թե ավտոսրահներից։ Նախկինում այդ գնումները կատարվում էին օֆլայն (վրացական ավտոշուկաներից), իսկ վերջին տարիներին անցում է կատարվել ԱՄՆ-ի և Ճապոնիայի ավտոմեքենաների աճուրդների առցանց գնումներին։ Վերջին 1-2 տարիներին պետական եկամուտների կոմիտեի ջանքերով այդ դիլերները մտել էին օրինական հարկային դաշտ և սկսել էին զգալի ծավալի հարկեր վճարել։
Բայց հենց այս տարի մեքենաների շուկան լճացել է (քանի որ հայկական շուկան գերհագեցած է, իսկ վերարտահանումը դեպի Ռուսաստան և Ղազախստան այլևս այդքան շահավետ չէ, քանի որ Հայաստանում և ԵԱՏՄ մյուս երկրներում մաքսատուրքերը հավասարվել են)։ Հետևաբար այս բիզնեսն արագ բարձրանալով` հիմա նույնքան արագ փլուզվում է: Չխորանալով թվերի մեջ՝ բերենք միայն մեկ համեմատություն` 2023–ի առաջին եռամսյակում ամենախոշոր ավտոդիլեր–հարկատու «Ավտոբայ» ընկերությունն ավելի շատ հարկ էր վճարել, քան 2024 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակի բոլոր դիլերները` 1 մլրդ 859 մլն դրամ՝ 1 մլրդ 100 մլն–ի դիմաց։