ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։
Նշվում է, որ նա կայցելի Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և կհանդիպի ՄԱԶԾ-ի ծրագրերի շահառուների հետ։
«Այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաև դիտարկել ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը և հիմնական առաջնահերթությունները միջազգային և ազգային գործընկերների հետ»,– գրված է հաղորդագրությունում։
Իվանա Ժիվկովիչը կհանդիպի Ազգային ժողովի նախագահի, ՀՀ փոխվարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Նա նաև քննարկումներ կունենա ՄԱԿ-ի երկրի թիմի, դիվանագիտական կորպուսի, զարգացման գործընկերների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: