ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Իրանը ծրագրում է «Քարուն» ԱԷԿ-ի «միջուկային կղզու» շինարարությունը սկսել ընթացիկ տարվա աշնանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Աստծո օգնությամբ, ընթացիկ տարում կիրականացվի «Քարուն» ԱԷԿ-ի «միջուկային կղզու» առաջին բետոնալցոնումը․․․ Հուսով եմ՝ դա տեղի կունենա աշնանը»,-Էսլամիի խոսքը մեջբերում է Իրանի կառավարության պաշտոնական Telegram-ալիքը։
«Միջուկային կղզու» հիմքի բետոնալցոնումը նշանակում է ոչ միայն ռեակտորային շենքի, այլև ԱԷԿ-ի ամբողջ էներգաբլոկի կառուցման լիարժեք մեկնարկ։
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Էսլամին հայտնել էր, որ Իրանը սկսել է «Քարուն» անվանումով նոր ԱԷԿ-ի կառուցումը երկրի արևմուտքում, որի հզորությունը կկազմի 300 ՄՎտ:
Ներկայումս Իրանում միայն մեկ ատոմակայան է գործում՝ Բուշերում, որը կառուցվում է ռուսական կողմի աջակցությամբ, դրա առաջին բլոկը Իրանի ազգային էներգահամակարգին միացվել է 2011թ.-ի սեպտեմբերին: Ընթանում է երկրորդ էներգաբլոկի շինարարությունը, և կնքվել է երրորդ էներգաբլոկի կառուցման պայմանագիրը ։ Թիվ 2 բլոկի շինարարությունը պաշտոնապես սկսվել է 2019 թվականի աշնանը։
2021 թվականի վերջին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել էր, որ թիվ 3 բլոկի շինհրապարակում ընթանում է հողի ամրացում՝ հիմքի բետոնապատման նախապատրաստման շրջանակներում։ «Բուշեր» ԱԷԿ-ի թիվ 2 և թիվ 3 բլոկների կառուցման նախագիծն արված է 10 տարվա հաշվարկով: