Եվս 5 ոսկի ու 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ–ում

Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը ունի 7 ոսկե և 2 արծաթե մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ուշուի Հայաստանի հավաքականի մարզիկները ավարտեցին իրենց ելույթները Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ուշուի Եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան։
56 կգ քաշային կարգում Դավիթ Իսախանյանը եզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով շվեդ Էլիաս Բոեռուդային՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հաջորդ ոսկին հավաքականին բերեց 60 կգ քաշային Արսեն Բագիրյանը, որը 2-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Բերեզյուկին։
Չեմպիոնի կոչմանն արժանացավ նաև Դավիթ Վարդանյանը, ում մրցակիցը հրաժարվեց մարտից։
Մ17 մրցելույթներում չեմպիոններ դարձան 56 կգ քաշային Աղվան Մագոյանը և 80 կգ քաշային Գրիգոր Տոնիկյանը։
Իսկ Դավիթ Բաղդասարյանն ու Վահան Մկրտչյանը եզրափակիչում պարտվեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին և դարձան արծաթե մեդալակիրներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն են արժանացել նաև 60 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանն ու 52 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը։
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ուշուի հավաքականը վաստակեց 7 ոսկի և 2 արծաթե մեդալներ։