Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Երուսաղեմ
Սրբազան կրակի դուրսբերումը տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտից ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Հին քաղաքում` Տիրոջ գերեզմանի տաճարում, և քաղաքին հարող տարածքներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հին քաղաք այցելողների թիվն այս տարի անհամեմատ քիչ է, քան նախորդ տարի։ Պատճառը պաղեստինա–իսրայելական հակամարտության սրման և թռիչքների հետ կապված լոգիստիկ դժվարությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն է։ Մի շարք ավիաընկերություններ Իսրայելի ուղղությամբ թռիչներ դեռ չեն իրականացնում։
Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին և միայն ուղղափառ պատրիարքի աղոթքներով։
Այդ օրը իսրայելցի իրավապահներն ավանդաբար անվտանգության հատուկ ռեժիմ են մտցնում Հին քաղաքի շրջանում։ Հարյուրավոր ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ վաղ առավոտից տեղակայվել են Երուսաղեմի պատմական կենտրոնում` հասարակության անվտանգությունն ապահովելու և քրիստոնեական երթերն ու այցելուներին ուղեկցելու համար:
Իսրայելի ոստիկանությունը Սրբազան կրակի դուրսբերման արարողության նախապատրաստումն ավարտել է երեկ: Քանի դեռ արարողությունը չի ավարտվել, տրանսպորտային միջոցներին չի թույլատրվում մուտք գործել Հին քաղաք։