Կարկուտ Արմավիրի մարզում. խաղող և ծիրան աճեցնող գյուղացիներին չե՞ն օգնի

Կարկուտ
Այն խաղողի այգիները, որտեղ տեղադրված են հակակարկտային ցանցեր, չեն տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափը հասկանալու համար մի քանի օր անհրաժեշտ կլինի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր սաստիկ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում, որոշ գյուղերում տեղումներն այնքան ինտենսիվ են եղել, որ փողոցները սպիտակով են պատվել։
Դեռ պարզ չէ` ՀՀ կառավարությունը կօգնի գյուղացիներին, թե ոչ` հաշվի առնելով, որ խաղող և ծիրան աճեցնողներն արդեն գյուղատնտեսական ապահովագրությունով փոխհատուցում չեն ստանում։ Կարկուտից չեն ապահովագրվում նաև հացահատիկները (ապահովագրվում են միայն երաշտից)։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ապահովագրության սակավ ծածկույթը միայն աջակցության պատրանք է ստեղծում։
«Ոչ ոք այդպես էլ խելամիտ պատասխան չտվեց, թե ինչու Հայաստանի համար այնպիսի մասսայական կուլտուրաները, ինչպիսիք են խաղողն ու ծիրանը, դուրս մնացին ապահովագրությունից։ Խնձորի, կեռասի, դեղձի ծախսերն ապահովագրվում են, բայց խաղողինն ու ծիրանինը` ոչ։ Ո՞ւմ է պետք վնասների հաշվարկը, եթե ընդհանրապես դա արվի։ Հիմա կառավարության համար արդեն ուշ է ինչ–որ բան անել, չգիտեմ էլ` պատրաստվում են արդյոք, թե ոչ»,– ասաց Հարությունյանը։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանն էլ նշեց, որ այն խաղողի այգիները, որտեղ տեղադրված են հակակարկտային ցանցեր, որևէ կերպ չեն տուժել, այդ թվում` խոշոր ընկերությունների և համեմատաբար հարուստ ֆերմերների խաղողի այգիները։
«Նրանց բերքը որևէ կերպ չի տուժել, որովհետև այդ ցանցերն այգիները պաշտպանում են մոտ 95 տոկոսով։ Բայց եթե խոսում ենք հասարակ գյուղացիների մասին, ապա նրանց վնասը պետք է հաշվել, բայց դրա իմաստն էլ չկա, եթե խաղողը չի ապահովագրվում»,– հավելեց նա։
Հարությունյանը նշեց, որ իր ստացած նախնական տվյալներով` առանձին խաղողի այգիներում կարող է տուժած լինել բերքի մոտ 30-40 տոկոսը։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ գյուղացիների առաջին գնահատականները կարող են հուզական լինել։