ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ֆուտբոլում կարևորը ոչ թե փողն է, այլ ֆուտբոլի հանդեպ սերը։ Առաջին ալիքի «3:1» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս իտալական «Ինտերի» կազմում հռչակվեց Իտալիայի չեմպիոն։
Ֆուտբոլիստին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում անվանի ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելը, հավանակա՞ն է, որ երբևէ ինքը կընդունի սաուդյան ակումբներից մեկի առաջարկը:
«Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ: Առաջին անգամ գնդակին դիպչելիս միշտ այդ սերն է ինձ մոտ եղել: Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար: Ինձ համար այդ դուռը փակ է: Չեմ քննարկում այդ տարբերակը և չեմ էլ ուզում, քանի որ եվրոպական ֆուտբոլի մակարդակը, երկրպագուների տաքությունն ու վերաբերմունքը լրիվ այլ է»,- պատասխանել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից: