ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Անհայտ անձինք հարձակվել են Սաքսոնիա դաշնային երկրամասում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) բաժանմունքի գլխավոր թեկնածու, Եվրախորհրդարանի ընտրություններում առաջադրված Մաթիաս Էկեին: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
«Եվրախորհրդարանի ընտրություններում մեր գլխավոր թեկնածու Մաթիաս Էկեն բոլորի աչքի առաջ հարձակման է ենթարկվել Դրեզդենի Շտրիզեն շրջանում պաստառներ փակցնելու ժամանակ։ Նա լուրջ վնասվածք է ստացել և վիրահատության կարիք ունի»,– ասվում է հաղորդագրությունում։
Կուսակցությունը նաև հայտնում է, որ այս հարձակումը եզակի դեպք չէ։ Նշվում է, որ կուսակցության պաստառները փակցնող մյուս թիմերի հասցեին էլ վիրավորական խոսքեր են հնչեցրել, ահաբեկելու փորձեր արել, պաստառները ոչնչացրել։
Սաքսոնիա երկրամասում կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Հենինգ Հոֆմանը և Կատրին Միխելը Էկեի վրա հարձակումն անվանել են տագնապալի ազդանշան: Նրանց խոսքով` կատարվածի պատասխանատուները աջ ծայրահեղականներն են ու նրանց կողմնակիցները։