ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Իրականացվել է վարույթ, մանրամասն ստուգում է եղել, հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Վարույթը կարճվել է»,– ասաց գլխավոր դատախազը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ի պատասխան հիշեցրեց` դեպքից հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի այն ժամանակվա հրամանատար Արման Մարալչյանն ազատվել է պաշտոնից։ Նա տարակուսանք հայտնեց, որ մեղավորներին այդպես էլ չեն գտել։
Վարդապետյանը կրկնեց, որ որևէ հանցավոր գործողություն չի հայտնաբերվել։
Նշենք, որ գնդապետ Արման Մարալչյանին ազատել էին աշխատանից Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո։ Նրա պաշտոնից ազատման պատճառների մասին չեն հայտնել։
2023 թ. ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինվորականների ուղղությամբ: Կիրառվել են նաև ականանետեր։ ՊՆ-ի տվյալներով` հայկական կողմից 4 մարդ է զոհվել, 6-ը` վիրավորվել։ Պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է նաև ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքն ապացուցող տեսանյութ: