ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Դավիթ Լևոնյանը տեսանյութերը չի տարածել «civic.am» լրատվամիջոցի անունից, այլ իր սեփական անունից, սեփական էջից, ընդ որում անձամբ որակելով այն որպես «իր գործենություն, իր յութուբյան էջում»»,–գրել է պաշտպանը։
Նշվում է, որ սույն դեպքում գործում առկա նյութերից փաստվում է, որ Դավիթ Լևոնյանը հանդիսանում է բացառապես «civic.am» լրատվական գործունեություն իրականացնող ներկայացուցիչ, սակայն նույն գործի նյութերում առկա չէ մի այնպիսի փաստական տվյալ, որը կփաստեր այն մասին, որ Լևոնյանը բացի հիշյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ հանդիսանալուց, հանդիսանում է նաև որպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որը տվյալ պարագայում առանձին կարգով ևս պետք է ունենա անհատական գրանցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք` ԶԼՄ-ները գրել էին, որ ապրիլի 30-ին Արթուր Սուքոյանի և Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն է եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել է լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել է լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։