ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուսաստանը սպասում է, որ հայ գործընկերները կպատասխանեն ռուս խորհրդարանականների նամակին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հուսով եմ, որ նման հայտարարություններ անողները նամակին պատասխանելու բավականաչափ ուժ կունենան։ Պատասխանը ստանալուն պես այն ուշադիր կուսումնասիրենք և անհրաժեշտության դեպքում հրապարակային կմեկնաբանենք»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա։
Դրանից հետո ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստում հայտարարել էր, որ ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Նա հույս էր հայտնել, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։
Ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից։