Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ․ Զախարովա

Երևանը ՀԱՊԿ անդամակցությունից դուրս գալու որևէ նոր քայլ չի ձեռնարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կրի համապատասխան պարտավորություններ։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով` չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներին` անդամակցության հետ կապված որևէ նոր քայլեր գործընկեր երկրները չեն ձեռնարկել:
Պարտավորությունների թվում նա հիշեցրել է1992թ.–ի հավաքական անվտանգության մասին պայմանագիրն ու 2002թ.–ի կանոնադրությունը, ինչպես նաև այլ փաստաթղթերով Հայաստանի նախատեսված պարտավորությունները:
«Մենք համոզված ենք, որ ցանկացած դեպքում ՀԱՊԿ–ը մնալու է արդյունավետ կառույց, որը պատասխանատու է Եվրասիայում և նրա անդամ պետություններում անվտանգության ապահովման համար»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ ընթացիկ տարում դաշնակիցների հետ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները արտաքին քաղաքականության համակարգման, պաշտպանական ներուժի, անվտանգության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ոլորտներում:
«Մենք նախկինի պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական ուղղությունը, այդ թվում՝ կազմակերպության հետագա աշխատանքի համատեքստում»,-նշել է Զախարովան:
Զախարովան հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 19-րդ հոդվածը ամրագրում է միավորումից դուրս գալու հնարավորությունը: Պետությունը պետք է ՀԱՊԿ-ին պաշտոնական ծանուցում ուղարկի կազմակերպությունից հեռանալու օրվանից ոչ ուշ քան 6 ամիս առաջ:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։