ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նախագահների խորհուրդը կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել երկու պետությունների ստեղծման հիման վրա պաղեստինյան խնդրի լուծման խաղաղ նախաձեռնություն առաջ քաշել: Այս մասին ասված է Դոհայում երկօրյա հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագրում։
«Խորհուրդը խնդրում Է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին համապարփակ խաղաղ նախաձեռնություն մշակել երկու անկախ պետությունների ստեղծման մասին ՄԱԿ–ի որոշման հիման վրա»,– նշված Է փաստաթղթում:
Բացի այդ, խորհուրդը կոչ է արել «անհապաղ ազատ արձակել իսրայելցի պատանդներին և պաղեստինցի բանտարկյալներին, ինչպես նաև մոտ ժամանակներս մշտական հրադադար հաստատել»:
Խորհրդի անդամները խորը ափսոսանք են հայտնել այս պահի դրությամբ Գազայի հատվածում ՄԱԿ–ի 182 աշխատակիցների մահվան համար: Նրանք նաև «լուրջ մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից Գազայի հատվածի շարունակական, համակարգված ոչնչացման համար, ինչը հանգեցրել է ավելի քան 35 հազար անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ ավելի քան 15 հազար երեխաների մահվան»:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։