Սահմանամերձ Տավուշի մարզի Կիրանց գյուղում երեկ վաղ առավոտյան ոստիկանները բերման են ենթարկել մի քանի տասնյակ քաղաքացիների` որոնց հետագայում ազատ են արձակել։
Ըստ ականատեսների` գյուղ էին ժամանել ոստիկանական ուժերի տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ծառայողներ։ Իջևանից Կիրանց տանող ավտոճանապարհը փակվել էր բոլորի` նաև պատգամավորների ու լրագրողների համար։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ, որոնց շրջանակում, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար:
Ոստիկանությունից նաև նշել էին, որ ուժեղացված ծառայության ընթացքում վարչական իրավախախտում կատարելու համար ոստիկանություն են տարվել 30 անձինք, որոնք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել։
Ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրում է բիրտ ուժ կիրառելու համար, իշխանությունն էլ հակադարձում է, որ բիրտ ուժ չի կիրառվել։
Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության վերջին մի քանի օրերի գործողություններին, արձանագրել է, որ ոստիկանությունն այսօր ծառայում է վարչապետին։