ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզում 4 զինծառայողի կյանք խլած վթարի գործով 2 պաշտոնատար անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 20 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի և դրա պատճառների վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ:
Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում։
Դրանից հետո ավտոմեքենայում գտնվող անձնակազմի մի մասը փոխարինել է մարտական դիրքում գտնվող անձնակազմին, և փոխարինված անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։
Ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և մեքենան ճանապարհի բանուկ մասից թեքվել է աջ ու հայտնվել ձորում։ Շարժիչը գործարկվել է նման եղանակով, քանի որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի:
Պարզվել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան տեխնիկական ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին և ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը։
Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները՝ անտեսելով՝ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ՀՀ զինված ուժերի ավտոմոբիլային ծառայության կանոնագրքի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ։
«Նրանք, տեղյակ լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը արտահոսքի հետևանքով չի պահպանվում, 2024թ․ ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը»,– ասված է հաղորդագրությունում:
«Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Նշված պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշենենք` վթարի հետևանքով մահացել էին զինծառայողներ Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը,Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։