Պուտինը պարգևատրել է «Կրոկուսում» ահաբեկչության ժամանակ մարդկանց փրկած դեռահասներին

Դպրոցականները, որոնք դասերից ազատ ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլլում» որպես հանդերձապահ էին աշխատում, կարողացել են շենքից դուրս բերել մոտ 100 մարդու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Զոհվողների փրկության համար» մեդալով է պարգևատրել «Կրոկուսում» ահաբեկչության ժամանակ մարդկանց փրկած դեռահասներին՝ Արտյոմ Դոնսկովին, Նիկիտա Իվանովին և Իսլամ Խալիլովին: Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
Մերձմոսկվացի դպրոցականները, որոնք դասերից ազատ ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլլում» որպես հանդերձապահ էին աշխատում, կարողացել են շենքից դուրս բերել մոտ 100 մարդու, իսկ նրանցից հետո, նույն ելքով դուրս գալով, փրկվել է ևս հարյուր հանդիսական:
«Ծայրահեղ պայմաններում մարդկանց փրկելիս համարձակ և վճռական գործողությունների համար «Զոհվողների փրկության համար» մեդալով պարգևատրել Դոնսկով Արտյոմ Ալեքսանդրովիչին․․․ Իվանով Նիկիտա Միխայլովիչին․․․ Խալիլով Իսլամ Բախտիերովիչին», -ասված է հրամանագրի տեքստում։
Մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն է տեղի ունեցել մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 145 մարդ։