ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ԵԱՏՄ–ի և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի ստորագրմանը: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ հարթակում։
«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված համաձայնագրի ստորագրումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իրականացնելը»,– ասված է փաստաթղթում:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) հայտարարել էին, որ մաքսային տարանցման մասին համաձայնագրի նորմերի գործնական իրականացումը թույլ կտա պարզեցնել և օպտիմալացնել ապրանքների փոխադրման ընթացակարգը ինչպես վերահսկող ծառայությունների գործողությունների նվազեցման, այնպես էլ վերադիր ծախսերի կրճատման միջոցով:
Նշվել էր, որ դա ձեռք կբերվի էլեկտրոնային փաստաթղթի տեսքով միասնական տարանցիկ հայտարարագրի կիրառման, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակադեմպինգային, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտականությունների կատարման միասնական ապահովման, առանձին հատուկ պարզեցումների կիրառման հաշվին։