ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն, որ մայիսի 2-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման են ենթարկվել մի խումբ անձինք»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը:
Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկացմամբ` նրանց մեջ անչափահասներ կան։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում:
Կիրանցում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ–ն` ոստիկանության ուժեր կուտակելու մասին