ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 2 ամսով, հայտնում է քննչական կոմիտեն։
Նշվում է, որ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը, իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով գտնվել է ՀՀ ԱԺ բակում, երբ նրան է մոտեցել Արթուր Սուքոյանը և պարզաբանում է պահանջել Լևոնյանի կողմից օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ:
«Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է»,–գրում է քննչական կոմիտեն։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։