ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի բաժինը` այսպես մեկնաբանելով Կիրանցում ոստիկանական ուժերի կենտրոնացումը։
«Այնտեղ իրականացնում են ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնում են ոստիկանությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը:
Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկացմամբ` նրանց մեջ անչափահասներ կան։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում: