Կիրանցում բերման ենթարկվածներին ազատ արձակեցին

Ընդդիմադիր պատգամավորը տարակուսած է, թե ինչպես են մարդկանց բերման ենթարկել սեփականության վկայականով իրենց պատկանող տարածքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ Կիրանցում բոլոր բերման ենթարկված քաղաքացիներն ազատ արձակվեցին։ Տեղեկությունը հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են բերման ենթարկվածները դուրս գալիս ոստիկանության Իջևանի բաժանմունքից։
«Մարդու սեփականության վկայականն իր ձեռքին է, իր ընկերների, հարազատների հետ իր սեփականության վկայականով իրա տարածքի մեջ ա, ինչ իրավունք ունես գաս, էդ իրա տարածքի մեջ մարդուն բռնության ենթարկես, ծեծես-ջարդես։ Ի՞նչ իրավունք ունես անչափահասին ծեծ ու ջարդի ենթարկես»,- ոստիկանության բաժանմունքի մոտ նշում է «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը:
Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկացմամբ` նրանց մեջ անչափահասներ կան։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում: