ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում ներկա է եղել պարսկերենի դասի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Գոգոլի անվան դպրոցում տարածաշրջանային լեզուների ուսուցման ՀՀ կառավարության ծրագրով պարսկերեն է դասավանդվում: Դասն անցկացվել է նորաբաց դասասենյակում` ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ։
«Իրանից ժամանած հյուրերն իրենց գոհունակությունն են արտահայտել աշակերտների պարսկերենի իմացության վերաբերյալ։ Փաստել են, որ լեզվի ուսուցման մակարդակն իսկապես ամուր հիմքերի վրա է դրված։ Հաջորդիվ ԻԻՀ ներկայացուցիչները դիտել են աշակերտների պատրաստած երկլեզու ներկայացումը՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» և պարսից մեծանուն գրող Սաադիի «Իմաստություն» ստեղծագործությունների հիման վրա»,– ասված է հաղորդագրությունում։
ԻԻՀ պատվիրակության ղեկավարն արձանագրել է Հայաստանի և Իրանի միջև մշակութային և կրթական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ դպրոցը կերտում է ապագա հայ իրանագետին։
Իմանիփուրի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ հանդիպումներ և շրջայցեր կրթական ու մշակութային հաստատություններ: