ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում (Արծվի թևեր կոչվող հատված) տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Լուսանկարահանող տեխնիկական միջոցներ են տեղադրվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց բացակայության դեպքում մեծ թվով վարորդներ գերազանցում են երթևեկության առավելագույն արագությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Երթևեկության թույլատրելի արագությունն այդ հատվածում 70 կմ/ժ է։ Լուսանկարահանող տեխնիկական միջոցները գործարկվելու են մայիսի 6-ից:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նշենք, որԱրծվի թևեր կոչվող հատվածում հաճախ են վթարներ լինում, հաճախ` մահվան ելքով։
Հիշեցնենք` դեռ 2023 թվականին ՀՀ ՆԳՆ–ն հայտարարել էր, որ 2024 թվականից կսկսի թարմացնել ճանապարհային տեսախցիկներն ու արագաչափերը, քանի որ այսօրվա արագաչափերը տեղադրվել են 2013 թվականին, և դրանք արդեն մաշվել են։