Պատրաստ ենք լինել փողոցային շարժման կիզակետում. Հայկ Մարությանն առաջարկներ ներկայացրեց

Հայկ Մարության
Հայկ Մարությանի հիմնած կուսակցությունը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք միտված են երկրի զարգացմանը ու չեն փորձում իրենց կուսակցական շահերի համար խեղաթյուրել Հայաստանի ապագան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Սոցիալ–դեմոկրատական ուղղվածությամբ «Նոր ուժ» կուսակցությունը պատրաստ է երկրի համար իրապես մտահոգ քաղաքական ուժերի հետ միասնաբար լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ Կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական նոր ուժի ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա ընդգծեց, որ իր ստեղծած կուսակցությունը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք միտված են երկրի զարգացմանը ու չեն փորձում իրենց կուսակցական շահերի համար խեղաթյուրել Հայաստանի ապագան։ Մարությանի խոսքով` 3 տարում իր թիմով ցույց է տվել այն արդյունքը, որը բոլոր երևանցիները տեսել են, այժմ էլ ուզում են այդ արդյունքներն ամբողջ հանրապետությունում ցույց տալ։
«Այժմ մեր թիմն ավելի է ընդլայնվել. նոր մասնագետներ են մեզ միացել։ Մենք այժմ մեսիջ ունենք բոլոր քաղաքական ուժերին` այժմ եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամանակը»,– նշեց Մարությանը։
Խոսելով Տավուշի մարզում և առհասարակ երկրում տիրող իրադրության մասին` նա նշեց, որ վստահ չէ, թե Ադրբեջանը սրանից հետո նոր պահանջներ չի դնի Հայաստանի առաջ։
«Եթե նախկինում ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, ապա այսօր Ադրբեջանի ղեկավարի խոսքերից արդեն տարածքներ է զիջում (նկատի ունի ՀՀ իշխանությանը. խմբ)»,– ասաց «Նոր ուժի» ղեկավարը` հավելելով, որ գործող իշխանությունը չի կարողանում առկա և ամեն օր ավելացող խնդիրներին լուծումներ տալ, հենց դրա համար էլ նոր ուժ են ստեղծում ու համալիր լուծումներ առաջարկում։
Նրա խոսքով` եթե ժողովուրդը հայտարարի, որ պատրաստ է փողոցային պայքարի կամ արտահերթ գործողությունների, ապա իրենց քաղաքական ուժն անպայման կիզակետում կլինի։
«Մենք պատրաստ ենք առաջնորդել բոլոր այն շարժումները, որոնք իսկապես ժողովրդի ցանկությամբ են։ Պրոցեսները պետք է հասունանան։ 2018 թվականին մենք երկար ենք եկել, 2008 թվականի պրոցեսներն էլ էին հանգեցրել 2018 թվականին։ Ես չեմ ասում, որ պետք է 10 տարի անցնի, նոր տեղի ունենա որևէ բան, քանի որ այժմ ծառացած խնդիրներն ավելի բարդ են, բայց ժողովրդի մեջ պետք է հասունանա»,– նշեց Մարությանը։
Նա վստահեցրեց` «Նոր ուժը» գալիս է փոխարինելու այս պահին իշխող քաղաքական ուժին։
«Ով կասի՝ Մարությանի կուսակցությունը ՌԴ-ի շպիոններն են, իմացեք` նիկոլական պրոպագանդա է»–ասաց Երևանի նախկին քաղաքապետը։
Մարությանը վստահ է` Հայաստանը պետք է լավ կապեր ունենա Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Չինաստանի, Հնդկաստանի հետ, ու ամեն ինչ պետք է արվի ամենօրյա աշխատանքի շնորհիվ։