Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ

Ձեռնաշղթա
Փաստաբանների խոսքով` Արթուր Սուքոյանն ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններ, բայց նրան չեն ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այս հայտարարությունը տարածել են նրա փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևն ու Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ապրիլի 30-ին Արթուր Սուքոյանի և Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն է եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել է լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել է լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։

«Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն, այլ ամբողջական դեպքի մանրամասները: Արդյունքում Երևան քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին Սուքոյանի լսվելու իրավունքի իրացումից: Այսօր տեղեկացել ենք, որ առկա է Սուքոյանին ձերբակալելու որոշում: Այսինքն` առանց լսելու անձին` որոշել են ձերբակալել»,– ասված է փաստաբանների հայտարարությունում:

Նրանք շեշտել են, որ դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է:
«Առկա չէ որևէ առնչություն: Դեպքը եղել է միջանձնային բնույթի վիճաբանություն»,– նշել են փաստաբանները:
Հիշեցնենք` միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։ Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Սուքոյանը ձեռքով հարվածել է լրագրողի դեմքին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք, հարվածի հետևանքով նա ընկել է՝ վնասելով ձեռքի տեսախցիկը։