ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Հունաստանի արտգործնախարարությունը ողջունում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների 8-րդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանի ԱԳՆ–ն։
Նշվում է, որ Հունաստանը ողջունում է այս պայմանավորվածությունը, հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը։
«Կողմերին հորդորում ենք շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում: