Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է. Փաշինյան

Փաշինյանը հերթական անգամ հիշատակել է հարկ վճարող քաղաքացիներին և շնորհակալություն հայտնել նրանց իրենց աշխատանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Պատշաճ կրթությունը կարող է բացահայտել յուրաքանչյուր մարդու տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա: Այս մասին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում սիրած աշխատանքով զբաղվելը և կատարած աշխատանքից հաճույք ստանալը երջանկության կարևորագույն գործոն է և բաղադրիչ: Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեկեցություն կառուցել առանց աշխատանքի:
«Սրանք, իհարկե, իդեալներ են բայց այդ իդեալներն արդեն շատ դեպքերում հասանելի են, եթե աշխատանքը հիմնված է բարձր որակավորման, այսինքն՝ կրթության վրա։ Իդեալի և իրականության մեջ, սակայն, ցավալիորեն զգալի ճեղք կա, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ ապրում են աղքատության պայմաններում: Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը»,–ասված է ուղերձում։
Փաշինյանի խոսքով` աղքատության հաղթահարման ճանապարհին ամենակարևոր երկարաժամկետ անելիքը կրթության ոլորտի՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներն են։
ՀՀ վարչապետը վստահեցնում է` կրթական համակարգը պետք է բացահայտի մարդու տաղանդը, նրան սիրած աշխատանքով զբաղվելու և աշխատանքի մեջ երջանիկ լինելու, ազատ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն տա:
Պետք է ուղղենք մեր մեջքը. Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
Անդրադառնալով աշխատանքային իրավունքներին` Փաշինյանը շեշտել է, որ այդ կարևորագույն խնդրի լուծումը պատշաճ օրենքների ու կարգավորումների մեջ է, ինչպես նաև գործատուների և գործավորների շահագրգիռ և գիտելիքահեն հարաբերությունների:
Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Փաշինյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող ՀՀ քաղաքացիներին ու երկրի բնակիչներին:
Հիշեցնենք, որ մայիսի մեկին նշվում է Աշխատավորների միջազգային օրը: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
Այսօրը պատմության մեջ. Մայիսի 1